Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ՝ Գյումրու Սև բերդում

Դեկտեմբերի 7-ին Գյումրու Սև բերդում անցկացվեց մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Այն նախաձեռնել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան): Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես եկան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ ներկայացան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս): Ծրագրում հնչեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: